Image

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

anhaxt aqlor

Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ…

Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։ Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց… Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.

— Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը… Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց… Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։ Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ… Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ… Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ…

Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.

— Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ…

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։ Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։ Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.

— Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ…

— Զարկե՛ք…— հրամայում է թագավորը։

Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։ Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

— Ծուղրուղո՜ւ… 

Աղբյուր՝ http://armenianhouse.org/

Share Button